Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավկովկասյան շրջագայությունից հետո Վաշինգտոն վերադարձած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բարձրաձայնելու է այդ այցի ժամանակ ստացված հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսություն կազմակերպելու մասին ստացված առաջարկի մասին: Այս մասին հայտարարել է վաշինգտոնյան աղբյուրը, որը չի ցանկացել հայտնել իր անունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Բաքվում Քլինթոնին խնդրել են ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպել հայ-ադրբեջանական երկխոսություն. «Ուղիղ երկխոսությունների կազմակերպումը նոր պրակտիկա չէ Վաշինգտոնի համար: Իր աշխատանքային գրաֆիկի շրջանակներում պետքարտուղարը սկզբունքորեն կարող է դիտարկել այդ հարցը: Ամեն դեպքում այդ հարցը պետք է քննարկվի Երևանի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ նաև Մոսկվայի հետ:
Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի տվյալ հարցի շուրջ, ապա առաջին հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կարող է Վաշինգտոնում տեղի ունենալ առաջիկա ամիսներին: Բաքվում Քլինթոնին խնդրել են, որ վարչակազմն ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնի զենքի վաճառքի հարցերում:
Բայց քանի որ առաջիկայում ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ուստիև դրա վերաբերյալ որևէ խոստում չի տրվել: Բնականաբար, ամեն ինչ կախված կլինի Կոնգրեսի որոշումից, քանի որ մի շարք գործոններ, որոնք զսպում են Ադրբեջանին սպառազինության վաճառքը (907 բանաձև), գերիշխում են մնացածի նկատմամբ:
Բաքուն Վաշինգտոնին խնդրել է նաև ավելի ակտիվ դերակատարություն ունենալ էներգակիրները դեպի Եվրոպա փոխադրելու երթուղիների հստակեցման հարցում: Քլինթոնը դրական պատասխան է տվել դրան: Այդ հարցը դրվելու է ԱՄՆ-ԵՄ առաջիկա հանդիպման օրակարգում:
Ադրբեջանական կողմն առաջարկել է նաև իրականացնել ԱՄՆ-ի տարածքում նավթի վաճառքին առնչվող նախագծեր և բարձրացրել է ԱՄՆ-ի տարածքում տարբեր նախագծերի իրագործման հարցում SOCAR-ի մասնակցության հարցը: Սակայն այս հարցն ուղղակիորեն չի վերաբերել պետքարտուղարին և կարիք ունի վերամշակման»:








































