Ինչպես հաղորդում է Коммерсант-Украина թերթը, Թուրքիայի վարչապետի և Ուկրաինայի նախագահի արարողակարգի ծառայությունների միջև լուրջ խնդիրներ են առաջացել այն ժամանակ, երբ ուկրաինական կողմն հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կարգի համաձայն, պետք է ծաղկեպսակ դնի ուկրաինական «Հոլոդոմորի»` 1930-ական թթ. խորհրդային իշխանությունների քաղաքականության արդյունքում սովից մահացած միլիոնավոր ուկրաինացիների հուշարձանին: Թուրքական կողմը հրաժարվել է այդ քայլից: Նշենք, որ այս հուշարձանի այցելությունը պարտադիր է օտարերկրյա պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի ժամանակ:
Իրավիճակը սրվել է այնքան, որ թուրքական կողմն առաջարկել է իջեցնել այցելության մակարդակը պաշտոնականից մինչև աշխատանքային, միայն թե Էրդողանը ծաղկեպսակ չդնի այդ հուշարձանին: Թերթը գրում է, որ այս հակազդեցությունը թուրքական կողմից պատահական չէ, քանի որ Թուրքիային մեղադրում են անցած դարասկզբին հայերի Ցեղասպանություն իրականացնելու մեջ:
«Այն, որ տարիներ շարունակ Յուշչենկոն մի քանի անգամ խնդրել է Անկարային ճանաչել «Հոլոդոմորը»` որպես ցեղասպանություն, զգալի վնաս է հասցրել երկկողմ հարաբերություններին»,- թերթին հայտնել է ուկրաինացի մի դիվանագետ: