Իտալիայի արդյունաբերության նախարար Պաոլո Ռոմանիի կարծիքով, Nabucco և «Հարավային հոսք» նախագծերն անհամատեղելի են: Ռոմանին հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են խորհրդակցություն հրավիրել, որտեղ քննարկվելու է այս խողովակաշարերի հարցը, ինչպես նաև Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարի խնդիրը, հաղորդում է hurriyetdailynews.com-ը: Նախարարի խոսքով, հանդիպումն անհրաժեշտ է այս կամ այն նախագծի իրականացման շուրջ համաձայնեցված որոշում ընդունելու համար: Nabucco խողովակաշարով նախատեսվում է ադրբեջանական և կենտրոնասիական գազը հասցնել Եվրոպա, իսկ «Հարավային հոսք»-ը ամբողջությամբ ռուսական նախագիծ է, որով նախատեսված է Սև ծովի հատակով անցկացվելիք գազատարով կապույտ վառելիք հասցնել եվրոպական սպառողներին: