Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանն այսօր կառավարության նիստում չափազանց մանրամասն ներկայացրեց աղետի գոտում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ` գոտու բնակավայրերում համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում սահմանված կարգով հաշվառված մոտ 7000 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ժամկետը մինչև 2013 թվականի հունվարի 1-ն է:
Կնքված պայմանագրերով նախատեսվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ու ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի 10 և ավելի անօթևան ընտանիքներ ունեցող գյուղական համայնքներում իրականացնել 452,932 քմ ընդհանուր մակերեսով 5403 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքներ: Պայմանագրերի գինը կազմում է 80 մլրդ 124.3 մլն դրամ, որից շինարարության արժեքը՝ 79 մլրդ 510 մլն դրամ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, համբերությամբ լսելով փոխնախարարի 7-8 րոպեանոց զեկույցը, ինչն աննախադեպ է կառավարության նիստերի ժամանակ, գոհունակությամբ նշեց, որ ռուսական վարկից 250 մլն դոլար էին հատկացրել խնդիրների լուծմանը և մինչև վերջ կկատարեն իրենց պարտականությունը:








































