Կիրակի Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը ներկայացնում էր հակամարտության մի կողմին, իսկ դրանում հնչած մտադրությունները ուղղակի աջակցություն են ցուցաբերում ընդդիմությանը և հակասում խաղաղ կարգավորման խնդիրներին. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Մարիա Զախարովան:
«Ստամբուլի հանդիպումը, ցավոք, պահպանել է միակողմանի բնույթը, և այնտեղ ներկայացված չեն եղել ո՛չ Սիրիայի կառվարությունը, ո՛չ Սիրիայի քաղաքական ընդդիմության շատ ազդեցիկ խմբեր»,- ասել է Զախարովան, որի հայտարարությունը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Նա նշել է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Հակամարտության կարգավորման հիմնական մեխանիզմը պետք է լինի Ռուսաստանի և ՄԱԿ-ի ԱԽ կողմից հավանության արժանացած ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ծրագիրը:
Զախարովայի խոսքերով՝ Ստամբուլում հնչած «հավաստիացումները և մտադրությունները զինված ընդդիմությանը ուղղակի, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, հակասում են Սիրիայում քաղաքացիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրին»:
Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է ոչ թե կործանարար երկպառակություն հրահրել սիրիացիների միջև, այլ գործել Անանի նախատեսած ծրագրին համապատասխան, ապահովել կրակի դադարեցում և երկխոսություն:
«Կարծում ենք, որ հենց դրանում է սիրիացի ժողովրդի «պաշտպանությունը», ինչի մասին այդքան շատ խոսում էին Ստամբուլում: Միայն այդպես է հնարավոր ապահովել սիրիացի ժողովրդի իրտավունքը՝ ինքնուրույն, առանց արտաքին միջամտության, որոշել իր ճակատագիրը»,- ասել է նա:
Հիշեցնենք. երեկ Ստամբուլում կայացած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը դրան մասնակցած 74 երկրները Սիրիայի ազգայի խորհուրդը ճանաչեցին որպես Սիրիացի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ:








































