Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Վենեսուելան նախատեսում է նավթի առաքումներ սկսել Թուրքիա, որի դիմաց թուրքական կողմը Վենեսուելայում պետք է շինարարական աշխատանքներ իրականացնի այն շրջաններում, որոնք տուժել են վերջին ջրհեղեղներից: Երեքշաբթի օրն այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսը:
Երեկ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը ժամանել է հարավամերիկյան այս երկիր, որպեսզի ավարտին հասցվի Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի հետ նոյեմբերին Անկարայում սկսված ծրագրերի քննարկումը և անցում կատարվի դրանց գործնական փուլին:
Անցյալ տարի Վենեսուելայում ջրհեղեղների պատճառով առանց տանիքի է մնացել 140 հազար մարդ, իսկ վնասները Չավեսը գնահատել էր 10 մլրդ դոլար:
Թուրքիան իր հերթին ներկրում է երկրում օգտագործվող նավթի 95%-ը, և այդ առումով այս պայմանավորվածություններն ամուր հիմք են տալիս անխափան մատակարարումների համար:
Թուրքիան նաև ցանկանում է Օրինոկո հանքավայրում ներդրումներ կատարել: Այստեղ հայտնաբերվել է աշխարհում նավթի ամենամեծ պաշարներից մեկը: