«Հասարակության շրջանում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ աժիոտաժ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահություն հայտնեց ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա՝ այդ աժիոտաժը մամուլում է. «ՀՀԿ ցուցակը ոչ մի ցուցակից վատը չէ, ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը։ Այս աժիոտաժն ավելի լրատվական աժիոտաժ է: Հետևեք ցուցակներին և կտեսնեք, որ
ՀՀԿ ցուցակը բավականին լավն է»,- նկատեց Գ. Իսագուլյանը:
Մեկնաբանելով ընտրություններին իր չմասնակցելու փաստը՝ նա ասաց, որ
և՛ նախորդ ընտրություններին, և՛ այս ընտրություններին եղել են առաջարկներ՝ ընդգրկվելու այս կամ այն կուսակցության ցուցակում, բայց պատգամավոր լինելը Գառնիկ Իսագուլյանին հոգեհարազատ չէ:
«Ես ՀՀ նախագահիի մշտական ներկայացուցիչն եմ ԱԺ-ում և նրա հանձնարարականով բոլոր խմբակցությունների հետ աշխատում եմ հավասար: Եթե նախագահը կգտնի, որ իմ աշխատանքն արդյունքներ տվել է, կմնամ իմ պաշտոնին»,- հստակեցրեց բանախոսը:
Նա ասաց, որ պարզորոշ հայտարարել է՝ նախագահական ընտրություններում սատարելու է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ՀՀԿ-ին: Ըստ նրա՝ տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ, քանի որ Սերժ Սարգսյանն ու ինքը ընկերներ են:
Նա ընդդիմադիր ուժերին կոչ արեց ընտրություններին քաղաքակիրթ պայքար տանել:
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ժամանակին Սերժ Սարգսյանին քննադատած Արտաշես Գեղամյանը հայտնվել է ՀՀԿ ցուցակում, պատասխանեց՝ ավելի սուր քննադատություն, քան ինքն է արել, ոչ ոք երբևէ չի արել: Նրա կարծիքով՝ քաղաքականության մեջ քննադատությունը թշնամանքի պետք չէ վերածել. «Հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները երկխոսությունից առաջ և հետո: Քննադատությունը նորմալ է»:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ապա Գ. Իսագուլյանի կարծիքով՝ ամեն ինչ հնարավոր է:











































