Հնդկաստանի մայրաքաղաքում մարտի 29-ին տեղի կունենա BRICS-ի երկրների 4-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Նախորդ բարձր մակարդակի հանդիպումները տեղի են ունեցել 2009 թ. Ռուսաստանում, 2010 թ. Բրազիլիայում, 2011 թ. ՉԺՀ-ում:
BRICS-ի երկրների առաջնորդները Հնդկաստանի մայրաքաղաք կժամանեն հանդիպման նախօրեին` մասնակցելու երկրի նախագահ Պրատիբխի Պատիլի ընդունելությանը, ինչպես նաև գագաթնաժողովի շրջանակում երկկողմանի հանդիպումների համար:
Ինչպես հաղորդել է Սերգեյ Պրիխոդկոն, հնդկական կողմն առաջարկել է քննարկվելիք հարցերի երկու շրջանակ:
«Հարցերի առաջին խումբը գլոբալ կառավարման խնդիրներ են, երկրորդը`BRICS-ն ու կայուն զարգացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել զարգացման բանկ ստեղծելու հնդկական գաղափարը, ինչպես նաև ՄԱԿ-ում կայուն զարգացման և բիոբազմազանության հարցերին նվիրված համաժողովին նախապատրաստվելու հարցեր, որոնք տեղի են ունենալու այս տարի համապատասխանաբար Բրազիլիայում և Հնդկաստանում»,- ըստ Interfax-ի` ասել է նա:
Նախատեսվում է, որ գագաթաժողովի շրջանակում BRICS-ի երկրների առաջնորդները կստորագրեն համաձայնագիր տեղական արժույթներով վարկերի տրամադրման մասին:
Բացի այդ` երկրներին կառաջարկվի «BRICS-ի երկրների էկոնոմիկան. Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարավային Աֆրիկայի մասին զեկուցումը» փաստաթուղթը:








































