Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց մերժել «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝ 22.03.2012թ. թիվ 009 դիմումը: ԿԸՀ այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ըստ ԿԸՀ եզրահանգման՝ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Մինչդեռ ներկայացված գրությամբ ԿԸՀ-ից խնդրվում է սահմանել իրավական նորմ, որով կլրացվի ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ՀՀ Ազգային ժողովը:
Հիշեցնենք, որ իր ներկայացրած դիմումով «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը նախապատրաստվում է լայնածավալ դիտորդական աշխատանքներ իրականացնել մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում, ուստի մեծապես շահագրգռված է դիտորդների իրավունքները պաշտպանելու խնդրում:
Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում դիտորդական առաքելության իրականացմանն առնչվող, էական նշանակություն ունեցող այն դրույթի բացակայության վերաբերյալ, որով երաշխավորվում էր դիտորդների առանց ներազդեցությունների, անկողմնակալ գործունեությունը: Ըստ ՀԿ-ի՝ ընտրությունների ընթացքի և ամփոփման վերաբերյալ կարծիք հայտնելու համար դիտորդին պատասխանատվության չենթարկելու օրենսդրական դրույթը 1999 թվականից ի վեր ամենահզոր լծակն է եղել՝ դիտորդների իրավունքները պաշտպանելու, նրանց վախի մթնոլորտից, անհարկի հետապնդումներից և դատական պատասխանատվությունից զերծ պահելու համար:
Ըստ դիմումի՝ նոր ընտրական օրենսդրությունը 2011 թվականին ԱԺ-ում վերջին ընթերցմամբ ընդունելու ընթացքում վերոնշյալ կետը մեխանիկորեն հանվել է՝ առանց փորձագիտական եզրակացության և լուրջ քննարկումների, հաշվի չառնելով միջազգային դիտորդական պրակտիկայի համընդհանուր նորմերը:












































