Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել Եվրամիության սև ցուցակում` ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի գործերի հետ առնչություն ունենալու համար: Այս մասին հրապարակվել է երկուշաբթի օրը` հունվարի 17-ին, The New Times ամսագրում, որին հղում է անում Эхо Москвы ռադիոկայանը: Իսկ ինչ աղբյուրների վրա է հիմնված տեղեկությունը՝ չի ճշտվում:
Ցուցակում, ըստ The New Times-ի, կարող է հայտնվել նաև փոխվարչապետ Իգոր Սեչինը, ինչպես նաև քննիչները, դատախազներն ու դատավորները, որոնք անմիջականորեն զբաղվել են ՅՈՒԿՕՍ-ի գործով:
Ցուցակի անդամներին, ըստ ամսագրի տվյալների, կարող են չտրամադրվել մուտքի վիզաներ: Բացի այդ, կարող են սառեցվել նրանց բանկային հաշիվները: «Եվրոպան ոչ մի բանի առջև չի կանգնի, որպեսզի մարդու իրավունքները Ռուսաստանում պաշտպանվեն»,- ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Եվրոպառլամենտի պատգամավոր Քրիստիան Օյուլանդը:
Ավելի վաղ նման հայտարարություններ արվել են նաև Եվրոպառլամենտում: Եվրոպառլամենտի նախագահ Եժի Բուզեկը Խոդորկովսկու և Լեբեդևի նկատմամբ պրոցեսը անվանել է Ռուսաստանում օրենքների և մարդու իրավունքների պաշտպանության «լակմուսի թուղթ»:
2010 թ դեկտեմբերի վերջին Խոդորկովսկին և Լեբեդևը դատապարտվեցին 13.5 տարվա ընդհանուր ռեժիմի` ՅՈՒԿՕՍ-ի այսպես կոչված՝ «երկրորդ գործի» համար: Նրանց մեղավոր ճանաչեցին 281 մլն տոննա նավթ գողանալու և դրանից ստացված եկամուտների լվացման ու օգտագործման մեջ:
ԶԼՄ-ներում բազմիցս նշվել է, որ այս դատավարությունը Խոդորկովսկու և Պուտինի միջև եղած կոնֆլիկտի հետևանք է: Ինքը՝ Խոդորկովսկին, իր գործի կեղծման համար մեղադրում է Իգոր Սեչինին` «Роснефти» տնօրենների խորհրդի նախագահին, որին բաժին հասավ ՅՈՒԿՕՍ-ի մաս կազմող «Юганскнефтегаз»-ը:
2010 թ. դեկտեմբերի կեսերին Եվրոպառլամենտի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատեցին այն բանաձևը, ըստ որի՝ Եվրամիության անդամ պետություններին խորհուրդ է տրվում սառեցնել 60 ռուս չինովնիկների հաշիվները, որոնք հավանաբար կապ ունեն իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ: Նմանատիպ միջոցառումների հնարավորությունը քննարկվում է նաև ԱՄՆ-ում:










































