Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանն այս տարի 750 զինծառայողով պետք է ավելացնի Աֆղանստանում ունեցած իր 925 հոգանոց զինվորական կոնտինգենտը, որով և պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը:
Սակայն խնդիրներ են ծագել պայմանագրային զինծառայողների՝ Աֆղանստան մեկնելու հետ, նրանք հրաժարվում են մեկնել Աֆղանստան: Թերթի տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է խռովարարների նկատմամբ սահմանել 28,000 լարի (մոտ 17,000 դոլար) տուգանք:
Վրաստանն արդեն իսկ 15 զինծառայող է կորցրել Աֆղանստանում: Վրաստանի կառավարությունը նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին վճարում է 10,000 լարի (մոտ 6000 դոլար) փոխհատուցում:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս ամենը:








































