ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի որդեգրած ճանապարհը հայ ժողովրդի երազած ճանապարհը չէ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ 13-րդ համագումարին Սերժ Սարգսյանի ելույթին:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի նշած ճանապարհն ուղղված է ավելի հարստանալուն և ժողովրդի ավելի աղքատանալուն, և եթե դա է ՀՀԿ-ի ու Սերժ Սագսյանի որդեգրած ճանապարհը, դա այն ճանապարհը չէ, որով երազում է գնալ հայ ժողովուրդը: «Հետևաբար արդեն իսկ մեզ համար անընդունելի է նրանց կողմից որդեգրված ճանապարհը, ինչ վերաբերում է միտված պայծառ ապագային`կասեմ, որ մեր երկրում չկա մի ոլորտ, որը մեզ ցույց կտա, որ միտված է պայծառ ապագային: Ավելի կոնկրետ փաստ. ի՞նչ ապագա կարող է ունենալ մի ժողովուրդ, որը բացարձակ անպաշտպան է, որն իրավազուրկ է, որի իրավունքները ամեն րոպե, ամեն վայրկյան ոտնահարվում են»,- մեկնաբանեց Լ. Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ այդ կտրվածքով կցանկանա շեշտել ՍԴՀԿ մասին, որի օրինական իրավունքներն արդեն իսկ ոտնահարված են: «Մենք, լինելով Հայաստանում իրավական կազմակերպություն, գրանցված բոլոր օրինական հիմքերով, այսօր չենք կարողանում հասնել արդարադատության: Արդարադատության նախարարությունն անձամբ խոչընդոտում է կուսակցության բնականոն գործունեությունը և դաշինքի մեջ մտնելու նրա ցանկությունը, այսինքն` չկա մի ոլորտ, որն իրականում կոչված է մարդու իրավունքի պաշտպանությանը և արդարադատություն իրականացնելուն, այսօր ամեն կերպ խոչընդոտում է այդ իրավունքի կայացումը և ամեն բան անում, որպեսզի ոտնահարի և թույլ չտա այդ իրավունքի կայացումը»,- եզրափակեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը: Համագումարին ելույթ ունեցավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանն այն երկիրն է, որն ունի հզոր ժառանգություն և ունի պայծառ հայացք`ուղղված ապագային: Նա հավելել էր, որ ՀՀԿ-ից պահանջվում է որդեգրված ճանապարհով գնալ:










































