Ինչպես հայտնում է Fox News-ը, Գաբրիել Գիֆորդսի վրա հարձակման մեջ մեղադրվողի ծնողները ներողություն են խնդրել Արիզոնայում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներից:
«Առաջին լրատվականը» հայտնել էր, որ անցած շաբաթ օրը Արիզոնայի Տուսոն քաղաքում տեղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ծանր վիրավորվել էր կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը: Հանցագործը սպանել էր 6 մարդու և վիրավորել ավելի քան տասի:
«Մենք չենք կարող հիմա նկարագրել մեր զգացումները: Կցանկանայինք խոսքեր գտնել ձեզ մխիթարելու համար և չենք հասկանում, թե ինչու է այդպիսի բան տեղի ունեցել: Մենք հասկանում ենք, որ դա ոչինչ չի փոխում, սակայն կցանկանայինք կանխել ողբերգական իրադարձությունը, որ տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը: Շատ ենք ցավում զոհերի և նրանց հարազատների համար: Մենք ներողություն ենք խնդրում նրանցից»,- ասվում է Լաֆների ընտանիքի՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
Տեքստը Լաֆների` Տուսոնում գտնվող տան մոտ հերթապահող լրագրողներին են հանձնել երկու երիտասարդ: Լաֆների ծնողները` Սամի Ռենդին և Էմի Լաֆները տնից դուրս չեն գալիս:
22-ամյա Ջարեդ Լաֆների ծնողները հարուստ չեն և իրենց ամբողջ կյանքն անց են կացրել Տուսոնում: Ռենդի Լաֆները առաջ վարորդ է եղել: Էմի Լաֆները տեղի այգում որպես մենեջեր է աշխատել: