Մինչ փետրվարի 11-ը հանրապետության ողջ տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության տակ, ուստի մինչ փետրվարի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. այս մասին «Առաջին լրատվական»-ի զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով եղանակային անակնկալների մասին:
Նա նշեց, որ ցիկլոնը հատկապես կհզորանա փետրվարի 9-ի երեկոյան ժամերին և փետրվարի 10-ին: «Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումների ինտենսիվությունը կաճի, 11-ի երեկոյան ժամերին տեղումներն աստիճանաբար կդադարեն»,- ասաց Գ. Սուրենյանը:
Խոսելով օդի ջերմային ֆոնից` նա տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 11-ը այն էապես չի փոխվի: «Մայրաքաղաքում գիշերային ժամերին կլինի 4-6 աստիճան ցուրտ, ցերեկը` 0-2 աստիճան ցուրտ, 11-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի»,- եզրափակեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: