Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ հեռավոր արշավներում ներգրավված ամերիկյան 100 ռազմանավերից 30-ը կենտրոնացվում են մերձավորարևելյան տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամլո ծառայությունը:
Ներկայումս Վիրջինիայի նահանգի Նորֆոլկ բազայից Պարսից ծոցի շրջան է ուղարկվում Enterprise ավիակրի գլխավորած հարվածային խմբավորումը: Այն տեղ կհասնի մարտին և կմիանա տվյալ շրջանում արդեն իսկ գործող ամերիկյան մյուս երկու ավիակիրներին (Abraham Lincoln և Carl Vinson): Դրանով իսկ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան ռազմանավերի քանակը կհասցվի 35-ի:
Դա արտասահմանում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի 2-րդ խոշորագույն խմբավորումն է: Առաջինը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում: Չինաստանի, Կորեայի ու Ճապոնիայի ափերի մոտ կենտրոնացվել են ամերիկյան մոտ 60 ռազմանավեր:
Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում են, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածն իրենց համար առաջնահերթ պլանում են՝ ռազմանավերի մշտական ներկայության տեսանկյունից:








































