Ֆիլիպինների հարավում ազատվել է 14-ամյա ամերիկացի Կևին Լունսմանը, ով առևանգվել էր հինգ ամիս առաջ՝ մոր և հորեղբորորդու հետ միասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տղան հայտնաբերվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ Բասիլան կղզում, որտեղ տեղակայվել են իսլամիստական «Աբու-Սայաֆ» շարժման գրոհայինները:
Ընտանիքին, որը տուրիստական նպատակներով ուղևորվում էր հարևան կղզի, առևանգել են մուսուլմանները՝ փրկագին ստանալու նպատակով: Պարզ չէ, թե արդյոք նրանց ազատագրման համար գումար վճարվե՞լ է, թե՝ ոչ:
Տղայի մորը իսլամիստները բաց էին թողել հինգ ամիս առաջ: Նրա մյուս բարեկամին հաջողվել էր փախչել, երբ ֆիլիպինյան հատուկ ուժերը մոտեցել էին գրոհայինների բազային:








































