Աշխարհի խոշորագույն Reuters լրատվական գործակալության գործադիր տնօրեն Թոմ Գլոսերը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է Accosiated Press-ը, 2012թ. հունվարի 1-ից Գլոսերին այդ պաշտոնում կփոխարինի հոլդինգի կառավարիչ-տնօրեն Ջեյմս Սմիթը, որին պարբերականն անվանում է «գործակալության հիմնադրի ընտանիքին մոտ կանգնած մարդ»:
Ինչպես նշում է Associated Press-ը` վերջին ամիսների ընթացքում սա 52-ամյա Սմիթի պաշտոնի երկրորդ բարձրացումն է: Նա կառավարիչ էր նշանակվել սեպտեմբերի վերջին:
Գլոսերի հեռացման ամենահավանական պատճառն այն է, որ սեփականատերերը դժգոհ են գործակալության եկամուտներից: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Թոմսոն ընտանիքը, որին պատկանում է Reuters-ի բաժնետոմսերի 55%-ը, ղեկավարության չհամակարգված գործողությունների պատճառով կորցրել է ավելի քան 5 մլրդ դոլար:
Ընկերության նախագահ Դևիդ Թոմսոնը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, իրենք կհիշեն Թոմին որպես մարդ, որը կարողացավ բարեփոխել Reuters-ը:










































