РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Կոնգրեսի Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումներում հայտարարել է, որ Իրաքի երեք գլխավոր խնդիրներն են ահաբեկչությունը, քաղաքական խառնակությունն ու պաշտպանական ոլորտի խնդիրները, Իրանի փորձերը՝ ուղղված երկրի անդորրի խաթարմանը.
«Առաջին խնդիրը ծայրահեղականությունն է։ Կարծում եմ, որ ծայրահեղականները, այդ թվում՝ նաև Իրաքում «Ալ Քաիդա»-ի անդամներն ու Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները շարունակում են պլանավորել ու իրականացնել խոշորամասշտաբ հարձակումներ։
Իրաքի մյուս խնդիրը քաղաքական բլոկների՝ սուննիներ, շիաներ, քրդեր և այլք, միջև հակամարտությունն է։ Ինչպես և յուրաքանչյուր ժողովրդավարություն, Իրաքը ստիպված է գործ ունենալ մրցակցող ծրագրերի հետ։ Սակայն խնդրի լուծումը գտնվում է քաղաքական և ոչ թե ռազմական ոլորտում։
Ամերիկյան դիվանագետներն իրաքյան կառավարությանն օգնում են հակամարտող կողմերի միջև կամուրջներ գցելու համար։ Անհրաժեշտ է լուծել Իրաքի արտաքին պաշտպանական համակարգում եղած բացերը։ Իրաքցիներն այդ ոլորտում (այդ թվում՝ նաև լոգիստիկայի և հակաօդային պաշտպանության ոլորտում) օգնության կարիք են զգում։
Եվ վերջապես երրորդ խնդիրը իրանական ռեժիմի փորձերն են Իրաքի ապագայի վրա ազդելու և սեփական տարածաշրջանային հավակնությունները կյանքի կոչելու համար։ Թեհրանը ձգտում է թուլացնել Իրաքին՝ փորձելով խաթարել քաղաքական գործընթացն ու խրախուսելով անմեղ իրաքցիների և ամերիկյան զորքերի դեմ բռնությունները։
Այդ ապակայունացնող գործողությունները, հրթիռային ոլորտում Թեհրանի աճող պոտենցիալի ու միջուկային ծրագրի զարգացման փորձերի հետ մեկտեղ, էական վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պանետան հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։







































