Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը հայտարարել է Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ պայքարելու իր մտադրության մասին, հայտարարել է, որ պատրաստ է 2 միլիարդ դոլարով վաճառել իր ռուսական բիզնեսը։
Դա նշանակում է, որ Իվանիշվիլին իր ռուսական ակտիվներից ձերբազատվելու համար պատրաստ է մեծ զեղչ անել պոտենցիալ գնորդին։ Բացի այդ, Իվանիշվիլին խոստացել է մինչև 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ձերբազատվել իր ռուսական անձնագրից։
Իվանիշվիլիի խոսքերով՝ այդ ամենը կօգնի փակել իր քաղաքական հակառակորդների բերանը, որոնք նրան մեղադրում են «ռուսական (պուտինյան) նախագիծ» լինելու մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 7-ին Իվանիշվիլին հայտարարել էր Վրաստանում ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու և դրանով Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին՝ ընդգծելով, որ, հանուն դրա, պատրաստ է վաճառել իր ռուսական բիզնեսը։
Ի դեպ, այս տարվա մարտին Forbes ամսագիրն Իվանիշվիլիի կարողությունը գնահատել էր 5.5 միլիարդ դոլար՝ նրան Ռուսաստանի մեծահարուստների շարքում դասելով 25-րդ տեղում։








































