Հունաստանի վարչապետ Յորգիոս Պապանդրեուն չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վայակոչելով իր աղբյուրը, վարչապետը համաձայնել է կազմել կոալիցիոն կառավարություն:
Ավելի վաղ BBC-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում էր, որ Պապանդրեուն առաջիկա ժամերի ընթացքում կհայտարարի իր հրաժարականի մասին: Ըստ այդ տեղեկության` Պապանդրեուն պետք է հանդիպեր Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ և առաջարկեր ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ երկրի կենտրոնական բանկի նախկին տնօրեն Լուկաս Պապադեմոսի գլխավորությամբ:
Հունաստանի կառավարությունում ճգնաժամն առաջացել է ԵՄ օգնության փաթեթն ընդունելու շուրջ հանրաքվե անցկացնելու Պապանդրեուի առաջարկից հետո: Վարչապետի պաշտոնում Պապանդրեուի հետագա պաշտոնավարությունը կասկածի տակ դրվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Հունաստանը պետք է քայլեր ձեռնարկի ճգնաժամից դուրս գալու համար:
Ավելի վաղ կառավարության անդամները և իշխող կուսակցության պատգամավորները, ինչպես նաև երկրի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը պահանջել էին վարչապետից չեղյալ համարել հանրաքվե անցկացնելու որոշումը: