Սույն թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր աշխատող հղիության, հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձ, ով ստանում է ՀՀ Սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից բարձր աշխատավարձ , ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում ստանալու է միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկին համարժեք փոխհատուցում (այսօր 150.000 դրամ, իսկ հունվարի մեկից` 162.500 դրամ)` նախկինում իր ողջ աշխատավարձին համարժեք փոխհատուցում ստանալու փոխարեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նախաձեռնության անդամներին ասաց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է, որ նախապատրաստվում է քննարկում համապատասխան գերատեսչությունների հետ, և պատրաստվում են փոփոխություններ: Նախաձեռնության անդամների այն հարցին, թե այս օրենքով կասեցվում է ծնելիության աճը, նախարարն ասաց, որ իրենք չեն կասեցնում ծնելիության աճը: «ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը դա պայմանավորում է այն հանգամանքով, որ հղի կնոջ համար դա ընդամենը իր աշխատանքի դիմաց ստացած եկամտի փոխհատուցում է` պետության կողմից, դա նպաստ է, այլ ոչ թե ապահովագրություն, իսկ պետությունն այսօր հնարավորություն ունի փոխհատուցել ընդամենը այդ չափով: Մենք շատ արտոնություններ ենք տալիս հղի կնոջը. անվճար ծննդաբերությունը, ինչ է դա քիչ է»,- ավելացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: