Հոկտեմբերի 11-ին համատեղության կարգով Մոնակոյի Իշխանությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդին:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդը, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Մոնակոյում Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը և համոզմունք հայտնել, որ այդ հանգամանքը խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ դեսպանը կարևորել է Մոնակոյի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Դեսպանը նաև Մոնակոյի Իշխանին շնորհավորել է վերջինիս հովանավորությամբ Մոնակոյում ամեն տարի անցկացվող «Սպորտը հանուն խաղաղությանն» միջազգային ֆորումի հաջողության կապակցությամբ` բարձր գնահատելով այդ հաստատության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպում է ունեցել Մոնակոյի Կառավարության Արտաքին գործերի խորհրդական Ժոզե Բադիայի հետ:










































