Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն մայիսի 15-ին Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ ընդլայնման գործընթացը պատմականորեն եղել է մայրցամաքում կայունությանը և խաղաղությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Նա կարծիք է հայտնել, որ նույն մոդելը պետք է կիրառվի նաև այսօր եվրոպական ինտեգրման ճանապարհին գտնվող պետությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Moldpres-ը։
«Ընդլայնման յուրաքանչյուր ալիք մայրցամաքին բերել է ավելի շատ կայունություն, խաղաղություն և անվտանգություն։ Սա այն փաստն է, որը մենք կարող ենք հստակ տեսնել, եթե նայենք Եվրոպայի էվոլյուցիային վերջին տասնամյակների ընթացքում», – ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը չի սպասել, որ թեկնածու պետությունները կատարյալ դառնան, այլ փոխարենն առաջարկել է անդամակցությունը որպես ժողովրդավարական վերափոխման գործիք։
Այս համատեքստում պետության ղեկավարը նշել է, որ նույն սկզբունքները պետք է կիրառվեն նաև Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների և Մոլդովայի Հանրապետության դեպքում։
Նա նաև ընդգծել է եվրոպական ուղու կարևոր նշանակությունն իր երկրի ապագայի համար։
Սանդուի խոսքով՝ Մոլդովայի եվրոպական ինտեգրացիան անմիջականորեն կապված է Եվրամիության անվտանգության հետ։






































