«8 օր անընդմեջ Ազատության հրապարակը վերածվել է միասնության, սիրո, բարեկամության վայրի, երեկ էլ ֆուտբոլ էինք երկրպագում միասին ու տեսաք, որ երբ հայ ժողովուրդը միասնական է՝ հասնում է հաղթանակի»,- ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներին դիմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ այդ 8 օրերի ընթացքում Ազատության հրապարակում որևէ հակասություն չկար, ընդհակառակը՝ հաշտություն էր, հոգևոր եղբայրություն, որը վեր է ցանկացած քաղաքականությունից. «Ես, ժողովո՛ւրդ ջան, ուզում եմ այստեղ էս մեր 8 օրվա համար արձանագրել, որ ՀՀ քաղաքացին մարտնչում է իր ազատության, իր իրավունքների համար, այստեղ հավաքված է այն ժողովուրդը, որը մեծ վարպետ Երվանդ Մանարյանի խոսքերով ասած՝ մերանն է, այն հենքը, որի վրա պետք է ստեղծվի ժողովրդավարությունը»:
Նա նշեց, որ, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, Հայաստանում կա հաստատուն, ժողովրդի վստահություն ունեցող ընդդիմություն, որը սխալվելու իրավունք չունի և իր քայլերը պետք է ճիշտ հաշվարկի: Նա ընդգծեց, որ առկա բոլոր խնդիրների համար ՀԱԿ-ն ընտրել է օրինական ճանապարհը, և այդ ճանապարհով պայքարը բերելու է արտահերթ ընտրությունների. «Հավատացնում եմ ձեզ, ժողովո՛ւրդ ջան, մենք հասնելու ենք արտահերթ ընտրությունների»:










































