Եվրախորհրդարանում սոցիալիստների, ձախերի և «կանաչների» խմբակցությունների ղեկավարները նամակ են հղել Եվրամիության ղեկավարությանը՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ և պահանջելով ԵՄ-ի կողմից շուտափույթ միջոցներ ձեռնարկել հրեական պետության նկատմամբ: Այս մասին հաղորդել է եվրոպական POLITICO հրատարակությունը:
«Իրավիճակն այլևս չի կարող համարվել պարզապես արտակարգ. գոյություն ունեն անհերքելի ապացույցներ, որ Գազայում կատարվում է ցեղասպանություն։ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը մինչ օրս չեն կարողացել արձագանքել այն հրատապությամբ և վճռականությամբ, որոնք թելադրում են մեր պայմանագրերը, արժեքները և պարտավորությունները», – ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում:








































