Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով Թուրքիայում է: Այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Այցի շրջանակներում Բոճորիշվիլին հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
«Թուրքիան Վրաստանի համար կարևոր գործընկեր է: Սրանով, փաստորեն, կավարտի հարևան երկրներ այցելությունների շարքը: Սա իմ առաջին այցն է Անկարա որպես արտգործնախարար: Իհարկե, ես սպասում եմ նախարար գործընկերոջ հետ հանդիպմանը», – հայտարարել էր նա այցից առաջ:
Ըստ Բոճորիշվիլիի՝ Թուրքիան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ակտիվ մասնակիցն է, ուստի շատ կարևոր է հարևան երկրի հետ երկխոսություն վարել տարբեր հարցերի շուրջ, ներառյալ տարածաշրջանային ընթացիկ իրադարձությունների։
«Թուրքիայի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունից բացի, մենք երկու երկրների միջև քննարկելու շատ կարևոր հարցեր ունենք, որոնք պետք է դրական դեր խաղան մեր տարածաշրջանի հետագա զարգացման գործում», – ընդգծել է Բոճորիշվիլին։










































