Հարավային Կորեան Hyunmoo-II «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծով՝ որպես ուժի ցուցադրություն Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացված հրթիռների արձակումից հետո: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն:
Մարտական հրաձգությամբ զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 7-ին Տեան արևմտյան ափամերձ շրջանում:
Հարավկորեական հրթիռային ստորաբաժանումը փոքր հեռահարության Hyunmoo-II բալիստիկ հրթիռ է արձակել՝ խոցելու ծովային թիրախը, որը նմանակում էր հյուսիսկորեական հրթիռի արձակումը:
«Մարտական հրաձգությամբ այս զորավարժությունների ընթացքում մեր զինվորականները ցույցադրել են իրենց անսասան վճռականությունն՝ արձագանքելու հյուսիսկորեական ցանկացած սադրանքի, ինչպես նաև հակառակորդի սադրանքի աղբյուրին ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողությունը», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:









































