Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանին՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպման շրջանակում, քննարկել սահմանազատման գործընթացի այսպես ասած դիրքային հարցեր, թե որտեղից պետք է այն ընթանա: Միաժամանակ, փոխանակել են երկու երկրներում «մերպետական ընթացակարգ անցած» սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի մասին ծանուցումներով:
Ինչպես հայտնի է, Հայաստանը կանոնակարգը վավերացրել է այսպես ասած լիարժեք ընթացակարգով, սկսելով ՍԴ-ից՝ անցնելով խորհրդարանով և ավարտելով նախագահի ստորագրությամբ: Ադրբեջանի չի անցկացրել այդ ընթացակարգը, Ադրբեջանը կանոնակարգը ստորագրել է հանձնաժողովների մակարդակով, հետո հաստատել Ալիևի ստորագրությամբ: Ընդ որում՝ Ալիևի ստորագրությունը դրվել է Հայաստանում ներպետական վավերացումը ավարտելուց հետո՝ հոկտեմբերի 24-ին, ստորագրել է ՀՀ նախագահը, իսկ 25-ին՝ Ալիևը:
Այստեղ, սակայն, կա հարց, թե ինչ դեր է ունեցել դրանում Կազանում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 24-ին: Իլհամ Ալիևը 25-ին ստորագրել է, որովհետև 24-ին ստորագրել է ՀՀ նախագա՞հը, թե՞ 25-ին ստորագրել է, որովհետև 24-ին Կազանում ինչ-որ բան են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ գուցե ավելի լայն համատեքստով, եթե հաշվի առնենք այն էլ, որ Կազան մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հյուր է եղել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Կարպենտերը:
Նա Ալիևին Բաքվում, հետո Փաշինյանին Երևանում փոխանցել է Բայդենի նամակը, որտեղ խոսք կա ամերիկյան ինչ-որ առաջարկների մասին: Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպման առնչությամբ խոսք չկա, թե քննարկելով սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու այսպես ասած տեղային հաջորդականությունը, ինչ որոշման են հանգել: Թեև հնարավոր է, որ չկա որոշում, այսինքն` կողմերը չունեն ընդհանուր հայտարար, թե որտեղից պետք է սկսել: Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում չէր բացառել, որ Կիրանցի հատվածին կարող է հաջորդել որևէ հատված Սյունիքում:
Օրերս Սյունիք էր այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Դեսպան Դըկոտինյին, իհարկե, այցելում է Սյունիք պարբերաբար, առաջին այցը չէ: Նա եղել էր Ներքին Հանդում, որը, ինչպես հայտնի է, ադրբեջանական դիրքերով շրջապատված գյուղ է, ըստ էության՝ դե ֆակտո առանձնահատուկ ռեժիմում գտնվող: Արդյո՞ք դեսպանն ունի տեղեկություն, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է մեկնարկել հենց այդ հատվածից: Հատկանշական է, որ այցի ընթացքում Դըկոտինյին շեշտադրել էր մարդասիրական մի հանգամանք, որ Ներքին Հանդի տարեց բնակիչ ամուսինները չունեն իրենց որդու գերեզմանին այցելելու հնարավորություն, քանի որ գերեզմանի տարածքը վերահսկողության տակ են վերցրել ադրբեջանական ստորաբաժանումները:




































