«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսին կազմել է 18,5 տոկոս: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հատուկ շեշտել է, որ արդյունաբերության ոլորտն աճել է 19 տոկոսով, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ: Ինչպե՞ս եք գնահատում սա և արդյոք ուրախանալու առիթ ունենք:
Նախ, նախարարը ոչ թե համեմատել է առաջին կիսամյակը նախորդ տարվա առաջին կիասմյակի հետ, այլ ընդամենը այս տարվա հունիսը՝ նախորդ տարվա հունիսի հետ: Եթե մենք ուսումնասիրենք ՀՀ ԱՎԿ հրապարակած վերջին տվյալները, ապա կտեսնենք, որ թեև այս տարվա հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության երկնիշ աճ է արձանագրվել, սակայն դա ոչ թե 18,5 տոկոս է, այլ 11,8 տոկոս, իսկ նշված 18,5 տոկոսը հունիսին էր վերաբերվում միայն ինչպես արդեն նշվեց։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն ըստ հրապարակված տվյալների աճել է ընդամենը 5,8 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով, շինարարության ծավալն ավելացել է 12,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 10,7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 26,9 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 44 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է 36,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48,7 տոկոսով:
Կարո՞ղ ենք ասել, որ հաշվի առնելով, որ 2021-ի առաջին կիսամյակում կովիդով պայմանավորված կային որոշակի սահմանափակումներ, պետք չի շտապել և ուրախանալ ներկայիս երկնիշ աճով:
Այո, ճիշտ նշեցիք, Քովիդի սահմանփակումները անցած տարվա նշված ժամանակահատվածում դեռևս նոր էին հանվում և տնտեսությունը նոր-նոր սկսել էր աստիճանաբար վերականգնվել և դեռ հեռու էր նախաքովիդյան ժամանակահատվածի մակարդակից։ Անդրադառնալով արդյունաբերության աճի ցուցանիշին, միաժամանակ հարկ է նշել, որ ըստ ԱՎԿ հրապարակած տվյալների՝ արդյունաբերության գների այս տարվա հունվար-հունիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական գների ինդեքսն աճել է 7,8 տոկոսով: Հիմա համեմատենք՝ նշված ժամանակահատվածում այդ ոլորտում արձանագրվել է 5,8 տոկոսի աճ, սակայն նույն ժամանակահատվածում այդ ոլորտում գնաճը կազմել է 7,8 տոկոսով: Հետևություն՝ արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալների կրճատում է նույնիսկ եղել։ Ընդ որում, հնարավոր է այստեղ նաև Թեղուտի հանքավայրի չշահագործումն է ազդել նաև ոլորտի արդյունահանման ծավալների կրճատման վրա։ Փաստացի աճը գրանցվել է հմաշխարհային շուկաներում ձևավորված բարձր գնանշումների արդյունքում։ Հարկ է նշել նաև, որ վիճակագրական կոմիտեի հարապարակած տվյալները անվանական են։ 2022 թվականի առաջին կիսամյակում սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 8,1 տոկոս,իսկ տնտեսական ակտիվությն ցուցանիշը՝11,8 տոկոս։ Հետևաբար փաստացի իրական աճը ամբողջ տնտեսության մակարդակով կազմել է ընդամենը 3,7 տոկոսով:
Ընդ որում, եթե անդրադառանանք տնտեսության առանձին ոլորտների բարձր աճի ցուցանիշներին, ապա բնականաբար խոսել ենք այն գործոնների մասին, որոնք հանգեցրել են դրան։ Մասնավորապես, ծառայությունների և առևտրի ոլորտներում էական աճի արձանագրումը ռուս զբոսաշրջիկների մեծ ներհոսքի արդյունք է։ Հաջորդ ուղղությունը շինարարությունն է, որտեղ եկամտային հարկի վերադարձի օրենքի ժամկետների սահմանափակման հետ կապված շինարարությունների ծավալն ակտիվացել է, իսկ քաղաքացիներն էլ ակտիվացել են, ուզում են շուտ բնակարան ձեռք բերել, որպեսզի հասցնեն օգտվել այդ ծրագրից: Մի խոսքով, այս ամենը խոսում է այն մասին, որ ուրախանալու շատ մեծ առիթ չունենք: Իհարկե, ես չեմ ասում նաև, որ իրավիճակը վատ է։ Հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքականև տնտեսական մարտահրավերները՝ կարող ենք այն նույնիսկ լավ գնահատել և մի շարք ոլորտներում իրոք առաջընթաց առկա է։ Սակայն, կան նաև լուրջ մտահոգվելու ցուցանիշներ. Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի անկումն իրոք մտորելու տեղիք է տալիս։ Այստեղ մտահոգիչ է վիճակը նաև այն առումով, որ ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների հետևանքով լուրջ պարենային ճգնաժամ է հասունանում և այս իրողությունը հաշվի առնելով ցանկալի էր գյուղատնտեսության ոլորտում կայուն աճ արձանագրել, այդ թվում նաև պետական աջակցության տարբեր ծրագրերի շնորհիվ, որովհետև փաստացի Հայաստանի շրջափակման պայմաններում մեր պարենային անվտանգությունը հաջորդ կարևորագույն խնդիրն է ֆիզիկական անվտանգությունից հետո:
Այսպիսով,կիսամյակային ցուցանիշները դիտարկելիս տեսնում ենք անվանական բավական բարձր աճ, սակայն եթե իրական աճը դիտարկենք, այն գտնվում է համաշխարհային կառույցների կանխատեսած տարեկան 3,5 տոկոսի մոտակայքում: Այսինքն, կես տարվա արդյունքներով արդեն մոտ ենք այդ ցուցանիշին: Պարզապես պետք է գիտակցել, որ տնտեսության աճին ամենաշատը նպաստած ծառայությունների ոլորտում աճ գեներացնող գործոնները ժամանակավոր են և երկարաժամկետ հատվածում չենք կարող դրանց հետ լուրջ հույսեր տածել:
Այստեղ առանցքային են համարվում գնաճի տեմպե՞րը:
Իհարկե, գնաճի տեմպերը նույնպես երկնիշ են: Այս ամսվա սկզբին հրապարակված տվյալներով 12-ամսյա գնաճը կազմել է 10,2 տոկոս, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Ռուս քաղաքացիների հոսքը Հայաստան դրական առումով նպաստել է տնտեսական ակտիվությանը, սակայն բացասական առումով այն գնաճին էլ է նպաստել, որովհետև սպառողական շուկայում կտրուկ պահանջարկ է ավելացրել: Փաստացի սպառողական գները՝ դոլարի և եվրոյի արժեզրկման ֆոնին աճել են հենց ռուսաստանյան քաղաքացիների կտրուկ հոսքի արդյունքում, այլապես շուկայում բազմաթիվ ապրանքների գծով պետք է գնանկումներ լինեին նույնիսկ: Ընդհանուր գների մակարդակի բարձրացման արդյունքում ներքին պահանջարկը բնականաբար կրճատվել է, սակայն ինչպես նշեցի արտերկրից զբոսաշրջիկների կայուն մեծ հոսքը ոչ միայն փոխհատուցել է այդ կրճատումը, այլև հավելյալ պահանջարկ է ձևավորել, ինչ արդյունքում գները էապես աճել են՝ նույնիսկ դրամի զգալի արժևորման պայմաններում։










































