Օրերս Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացնում: Պատճառը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» հուլիսի 1-ից մտնող նոր օրենքն է: Ըստ դրա՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն։
Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանի հետ, որի նշմամբ՝ փաստը մնում է փաստ, որ գործարքների հետ կապված կարող են լինել որոշակի լուրջ խնդիրներ։ Ռիսկ կա՝ խաբվելու, ֆինանասապես տուժելու։ Սրան է գումարվում նաև գործարքներ կատարելուց բանկերի լրացուցիչ ծառաությունների համար վճարելը։
Քեյանի խոսքով՝ այս ամենի հետևաքնով բանկեր լավ շահույթներ կգեներացնեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կունենան տեխնիկական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին որոշակի խնդիրների կհանգեցնեն՝ ստիպված կլինեն տուգանքներ մուծել պետությանը, իսկ էլ այդ մուծումներից պետությունը կշահի։
«Չգիտենք հետագայում նորից կանխիկ մուծումների կանցնենք, թե ոչ, սակայն նմանատիպ օրենսդրական փոփոխությունը շատ լուրջ վերլուծության կարիք ուներ և չպետք էր հերթական անգամ թղթին հեքիաթներ պատմելով նման օրենքներ ընդունել, որն էլ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում տնտեսվարողներին, որովհետև այսօր այդ օրենքի հիմնավորմամբ, որով պետք էր բանկային ծառայությունները նվազեին և բանկերը շահեկան դիրքերում հայտնվեին, փաստացի եղավ հակառակը։ Փաստը ցույց է տալիս, որ ունենք ընդամենը երկու բանկ, որոնք պատրաստ են որոշակի միջնորդավճարների նվազեցման պայմաններում տնտեսվարողներին հատուկ տերմինալներով ապահովել գործարքներ իրականացնելու համար։ Եթե այս օրենքը շահավետ լիներ ու դրական կողմ ունենար՝ ողջ հանրապետությունում չէին արձագանքի միայն երկու բանկ, հակառակը՝ բանկային բիզնեսը շատ ուրախ ու շնորհակալ կլիներ Կառավարությանը, բայց այսօր բոլորը բանկերը մերժում են ու չեն ուզում այդ համակարգի գծով իրար մոտ գումարներ գեներացնել։ Նրանք անգամ մերժում են հին հաճախորդներին՝ քաջ գիտակեցելով, որ այդ հաճախորդներն իրենցից կհրաժարվեն ու կգնան այլ բանկեր»,-նշեց բանախոսը։








































