Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության պատմության ընթացքում կարծես թե բազմիցս են այդպիսի հնարավորություններ եղել, ու կարծես թե նույնիսկ դրանք փորձ է արվել օգտագործել: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանն այդ իմաստով գուցե կարելի է համարել որոնումների շրջան, երբ նոր անկախացած պետությունը փնտրում էր Սփյուռքի հետ որպես արդեն անկախ հայկական պետականություն հաղորդակցվելու օպտիմալ տարբերակներն ու փիլիսոփայությունը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում կարծես թե ինչ-որ ձեւեր հնարվեցին, ինչ-որ փիլիսոփայություն առաջ բերվեց: Օրինակ` ամբողջ երեք անգամ Հայաստանում տեղի է ունեցել Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով:
Բայց դժվար է առարկայորեն մատնանշել մի գլոբալ նպատակ կամ խնդիր, որ այդ խորհրդաժողովները դրել են իրենց առաջ եւ հասել են դրանց իրականացմանը կամ ձեռնամուխ են եղել դրան ու այժմ գործընթացի մեջ են: Այդ խորհրդաժողովներն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում մտածված մի քարոզչական հնար էին, որոնց բուն նպատակը մի քանի տարին մեկ մեծ թվով սփյուռքահայեր Հայաստան բերելն էր, այսպես ասած` զբոսաշրջություն գեներացնելը, ինչի համար էլ մշակվեցին եւ իրականացվեցին մի քանի այլ համահայկական ծրագրեր մշակույթի եւ սպորտի բնագավառում: Տուրիզմից բացի, այդ ծրագրերը որեւէ էական գործնական արդյունք չեն տվել ՀՀ համակարգային զարգացման տեսանկյունից: Մինչդեռ խնդիրը հենց դա է` ինչպե՞ս է Հայաստան-Սփյուռք ներուժը ծառայեցվում ՀՀ համակարգային զարգացմանը, պետության արժեհամակարգային առանցքի ձեւավորմանն ու դրա ճյուղավորմանը կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Բայց ՀՀ-ում տարիներ շարունակ հարցը դիտարկել են միայն Սփյուռքը որպես զբոսաշրջային հումք դիտելու շրջանակում, կամ էլ արտաքին քաղաքական հարցերում Սփյուռքը եղել է ընդամենը իշխանության շահի սպասարկմանը ծառայեցնելու գործիք: Այն կառույցները, որոնք համաձայնել են լինել այդ գործիքը` վայելել են ՀՀ իշխանության համակրանքը, իսկ նրանք, ովքեր իշխանության առաջ բարձրացրել են նույն արտաքին քաղաքական ոլորտում համակարգային վերափոխումների, ժողովրդավարական պետությունը որպես արտաքին քաղաքականության հիմնական հենարան դիտարկելու հետ կապված խնդիրներ, այն կազմակերպությունները, որոնք փորձել են Սփյուռքի ներուժը ծառայեցնել ոչ թե միայն Ցեղասպանության ճանաչման լոբբինգին, այլ նաեւ ՀՀ ժողովրդավարական եւ համակարգային բարեփոխումների գործին, դասվել են իշխանության համար սփյուռքահայ անցանկալի կազմակերպությունների շարքին: Մոտավորապես դա է մինչ այժմ եղել Հայաստան-Սփյուռք հարաբերության «փիլիսոփայությունը»:
Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո որոշակիորեն փորձ արվեց փոխել այդ փիլիսոփայությունը, բայց խոսքն ամենեւին բարեփոխման մասին չէ: Ավելին` կարելի է նույնիսկ ասել, որ խոսքը դեգրադացիայի, նույնիսկ մուտացիայի մասին է: Եթե Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին Սփյուռքը դիտվում էր որպես զբոսաշրջային հումք, այդուհանդերձ որպես նպատակային հասցեատեր հանդես էր գալիս Հայաստանը` թեկուզ կլանա-օլիգարխիկ, թեկուզ ամբողջատիրական կառավարմամբ, բայցեւայնպես Հայաստանը: Ս.Սարգսյանի նախագահությունից հետո շրջանառության մեջ դրվեց «հայկական աշխարհի» մասին տիգրանսարգսյանական միտքը, պետության գաղափարը փաստացի դնելով մի կողմ եւ Հայաստանը փաստացի հանելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության առանցքից: Հասկանալի է, թե ինչն է դրա բուն նպատակը:
Բանն այն է, որ Ս.Սարգսյանի իշխանությունը կարծես թե հենց սկզբից մտադրվել էր ներգրավվել աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների մեջ, որոնք զգալի մասով լուրջ մարտահրավերներ էին պարունակելու, եւ ինչպես տեսնում ենք` պարունակում են ՀՀ պետական շահի տեսանկյունից: Պետության գաղափարը դնելով մի կողմ եւ առաջ քաշելով «հայկական աշխարհի» մասին դրույթը, իշխանությունը փաստացի փորձ է անում նաեւ լղոզել պետական շահ հասկացությունը եւ աստիճանաբար ձեւավորել «հայկական աշխարհի» շահ հասկացություն: Իսկ քանի որ ինքնին հայկական աշխարհ ասվածը անհասկանալի մի մտահղացում է, ապա հայկական աշխարհի շահ ասվածն էլ անհասկանալի եւ լղոզված բան է, որը կարելի է ենթարկել կամայական մեկնաբանությունների: Այդ մոտեցմամբ, փաստորեն, ՀՀ իշխանությունը փորձ է անում լեգիտիմացնել Հայաստան-Սփյուռք երկխոսության լղոզվածությունը:
Բանն այն է, որ եթե Սփյուռքը, այդ երկխոսության առանցքում ունենալով Հայաստան պետությունը, ՀՀ իշխանության հետ հարաբերվում էր, հարցադրումներն անում էր այդ հասցեից ելնելով, ապա այժմ երկխոսության առանցքում կոնկրետ պետության գաղափարին փոխարինում է հայկական կոչվող վիրտուալ մի աշխարհի գաղափար, որն իշխանությանը Սփյուռքի հետ փոխհարաբերություն կառուցելիս տալիս է անսահման մանեւրի հնարավորություն, քանի որ «հայկական աշխարհը» սահման չունի: Թերեւս դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերության մասին Սփյուռքի հետ իբր քննարկումներ ծավալելու համար ոչ թե փորձեց ներկայացուցչական հավաք անցկացնել Երեւանում` ՀՀ մայրաքաղաքում, այլ գնաց համահայկական ուղեւորության, այդպիսով ոչ թե համահայկականությունը ուղղորդելով դեպի հայկական պետություն, այլ հայկական պետությունը ցրելով համահայկական անսահմանության մեջ: Հետեւանքը եղավ այն, որ հայ-թուրքական թեման, որը կարող էր լինել Հայաստան-Սփյուռք նոր որակի եւ բովանդակության լրջագույն առիթ, ընդամենը վերածվեց մի անհասկանալի շոուի, որտեղ, ըստ էության, ո՛չ Հայաստան կար, ո՛չ Սփյուռք:
Մեծ հաշվով, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունը հենց շոու էլ հիշեցնում է: Այնպիսի տպավորություն է, որ այդ փոխհարաբերության շրջանակում ներգրավվողները առաջնորդվում են օլիմպիական սկզբունքով` կարեւորը մասնակցելն է տարբերակով: Իսկ թե ինչ արդյունք կտա կամ ինչ հետեւանքի կբերի այդ մասնակցությունը Հայաստանի եւ Սփյուռքի համար` դա կարծես թե քչերին է հուզում, իսկ ում էլ որ հուզում է, նրանք չեն մասնակցում այդ «օլիմպիադային»:











































