Ավտոմոբիլների համաշխարհային արտադրությունը կարող է ապրիլ – հունիսին մոտավորապես 1,6 միլիոն ավտոմեքենայով կրճատվել Ճապոնիայի հյուսիս – արևելքի Հիտատինակա քաղաքում կիսահաղորդիչների արտադրության Renesas Electronics խոշոր ընկերության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Դա ավտոմոբիլների թողարկման ներկայիս ծավալի մոտավորապես 7 տոկոսն է, մարտի 31-ին հայտնել է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը:
Թերթի տվյալներով՝ Ճապոնիայի առաջատար ավտոմոբիլաշինական կորպորացիաները, ներառյալ Toyota Motor-ը և Nissan Motor-ը, արդեն ձեռնամուխ են եղել իրենց մոդելների մի մասի արտադրության կրճատման հարցի ուսումնասիրմանը կիսահաղորդիչների սուր պակասի կապակցությամբ, որը սաստկացել է Renesas Electronics-ի գործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով:
Այդ ձեռնարկությունում աշխատանքի լիակատար վերականգնման համար, ինչպես հաղորդվում է, կպահանջվի մինչև չորս ամիս: Այնտեղ հրդեհը տեղի է ունեցել մարտի 19-ին: Renesas Electronics-ն ավտոմոբիլների համար կիսահաղորդիչների արտադրության առաջատարներից մեկն է: Դրանց որոշ տեսակների գծով ընկերությունն առաջին տեղում է աշխարհում։