Հնդկաստանի Գոա նահանգում անօթևան մարդը մահացել է սրտի «քարացումից»: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Քաղաքային այգում մահացած են գտել 50-ամյա մի տղամարդու, որի ինքնությունը դեռ պարզված չէ: Բժիշկները մահվան պատճառը պարզելու համար դիահերձում կատարելիս նկատել են, որ սիրտը շատ է ծանրացել և քարացել. այն դժվարությամբ է կտրվել։
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ անհայտ անձը ունեցել է էնդոմիոկարդիալ ֆիբրոզ. այս հիվանդության ժամանակ աջ նախասիրտը մեծանում է, և հաճախ տեղի է ունենում աջ փորոքի պատերի կալցիֆիկացիա:
Բժիշկ Բհարատ Սրիկումարի խոսքով՝ տղամարդու սիրտը համարյա քարացել, քար է դարձել: Նա նշեց, որ սա շատ հազվադեպ հիվանդություն է:
«Երբ դիահերձման ժամանակ հեռացվեց սիրտը, պարզվեց, որ օրգանը բավականին ծանր է: Եթե կշռես, այն ավելի ծանր կլինի, քան սովորական սիրտը», – ասաց բժիշկը:
Սակայն նա ավելացրեց, որ սրտի ձևը չի փոխվել:
Ներկայումս տեղի իրավապահները փորձում են պարզել մահացածի ինքնությունը:







































