Սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Ամեն օր որոշում եմ, չգրել ՖԲ-ում։ Ամեն օր մի արտառոց դեպք պատահում է։ Էսօր, օրինակ՝ ՖԲ համայնքի անդամ Էլբակեան Էդգարը վտանգավոր մի գրառում էր արել, որին անհնար է չանդրադառնալ։
«Ղարաբաղից մինչեւ «տարածաշրջանային մոթել» վերնագրված «օպուս»-ում նա գրում է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել է Սովետական Հայաստանը. «…ավելի ճիշտ՝ վերջինիս իներցիան՝ կադրերով, կազմակերպչական մշակույթով և ամենակարևորը՝ հոգևոր արժեքներով, որոնք լեգիտիմացնում էին պատերազմի արդարացիությունը։ Անաստվածությամբ հանդերձ՝ Սովետը հոգևոր կյանք ուներ։ Սովետական Հայաստանն ուներ Մուշեղ Գալշոյան, «Սարոյան եղբայրներ», Շիրազ՝ իր մասիսապաշտությամբ, «Ռանչպարների կանչը», որոնք Ղարաբաղյան առաջին պատերազմի հոգևոր զենքերն էին»։
Երիտասարդ բարեկամիս հիասթափեցնելով ասեմ, որ Արցախյան պատերազմում հաղթողը եղել է ոչ թե իր պատկերացրած սովետամարդն, այլ նախանախորդ դարի վերջի եւ նախորդի առաջին երկու տասնամյակների հայդուկ ֆիդային՝ նոր ձեւավորված պետության ղեկավարների քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ լոգիստիկ կարողությունների համադրմամբ։
Երբ դիտում ես ՀՀ բանակի սաղմը համարվող ՄՀՕՋ-ի կամ Հատուկ գնդի կազմավորման խրոնիկան, ակնհայտ ու ակներեւ է դառնում վերը ասվածը։ Սրածայր բեղերով, թավ մորուքով կամավորները երգում են «Էրթանք Սասուն, մտնինք Վան…», ամենեւին չկասկածելով, որ պետությունն առաջադրել է միանգամայն իրատեսական խնդիրներ եւ իրենք ենթակա են հե՛նց այդ հրամանին։
Այս տղերքն էին, որ պաշտպանեցին Արցախը՝ հընթացս ազատագրելով յոթ շրջաններ։
Բայց հետո ՖԲ համայնքի անդամը պնդում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածով «ազատամարտը» ստորադասում է նյութականին։
Սա, թերեւս, ամենավտանգավորն է։
Իսկ ինչի՞ համար է, հարգելի Էդգար, պատերազմը։ Նոր պատերազմի, թե՞ խաղաղ, երջանիկ, բարեկեցիկ կյանքի։ Երկրի նախագահն, ի՞նչ պետք է ասեր՝ հարատեւ կռիվ, անդադար պատերազմ եւ նման այլ ապուշ բանե՞ր։ Թե պիտի ձգտեր իր ղեկավարած երկիրը զերծ պահել ամեն տեսակ հարձակումներից ու նվաճողների նկրտումներից։
Եթե գիտեք, այս հարցերի պատասխանն, ասեք, շարունակենք վիճել։ Եթե չգիտեք, մի զբաղվեք գավառական գաղափարաբանությամբ։ Տարբերվեք մյուսներից։










































