Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԲԴԽ-ից։
Նշենք, որ դատավոր Գևորգ Նարինյանը հայտնի լուրերի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 14-ին ԱԱԾ-ն քննչական գործողություններ էր իրականացնում Սնանկության դատարանում։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հուլիսի 17-ին ԲԴԽ-ն, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է բավարարել այն։










































