Ես համոզված եմ, որ մեր պատմությունը փառքի պատմություն է, որովհետև այս ընթացքում մեզ հաջողվել է վերականգնել մեր պետականությունը, որը անցել է տարբեր դժվարություններով, փառքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե նորանկախ Հայաստանի ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:
«Այդ ժամանակաշրջանում եղել է նաև պատերազմ, որը մենք հաղթել ենք, և իհարկե, Ադրբեջանի իշխանությունը փորձում է այդ շրջանին ուրիշ գնահատական տալ, բայց կարող ենք ասել, որ այդ շրջանում իրենք են, որ խայտառակ պարտություններ են կրել: Հիմա տարբեր հայտարարություններով փորձում են չեզոքացնել իրենց կրած պարտությունը: Մենք որպես ժողովուրդ այնքան ուժեղ ենք, որ կարող ենք խոսել մեր թերությունների մասին, որ դրանք շտկենք, բայց պարզ է, որ հակառակ կողմը փորձում է այդ փաստերն օգտագործել իրենց քարոզչության համար և ներկայացնել այլ լույսի տակ»,-ասաց նա: