Կա մի լավ պորտուգալական ասացվածք․ «Հրաշքները տեղի են ունենում այնտեղ, որտեղ նրանց հավատում են», խնդրում եմ, որ հավատաք այդ հրաշքներին։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկած օրենքի նախագիծը հավանության չարժանացավ։
Պետրոսյանն առաջարկում էր ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառել: Նա առաջարկում էր վաղեմության ժամկետներ չկիրառել նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված։









































