Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալների կողմից հայտնաբերվել է թունել:
Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` 500 մ երկարություն ունեցող թունելը փորվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ/PKK) զինյալների կողմից։ Փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահմանային Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընարի շրջան:
«Սիրիայի ազգային բանակ» խմբավորման պնդմամբ՝ այս թունելը, ի տարբերություն մինչ այդ թուրք-սիրիական սահմանին հայտնաբերված թունելների, փորվել է թմրանյութերի, զենքի և մարդկանց մաքսանենգության նպատակով։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ ավելի վաղ նմանատիպ թունելներ են հայտնաբերվել Աֆրինում, Մանբիչում, Այն ալ-Արաբում, Թել Աբյադում, Սըրրինում, Կամիշլիում, Մալիքիյեում, որոնք փորվել են Թուրքիայի կողմից հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու, անսպասելի հարձակում իրականացնելու նպատակով։