Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլում քվեարկել է հանուն Արցախի ապագայի։
Այս մասին Ղուլյանն ասել է քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
ԱԺ նախագահը նշել է, որ այդ ապագան, իր պատկերացմամբ, լինելու է անվտանգ, ապահով, ժողովրդավարական և կայուն:
Անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվող ընտրություններին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ցանկացած իրավիճակում հարցերը ճիշտ իրավական հիմքի վրա լուծելու համար օրենսդրությունը պետք է լինի բազմաֆունկցիոնալ:
«Իրավական հարթության վրա պետք է լինի այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել իր ընտրելու, իսկ յուրաքանչյուր թեկնածու՝ նաև իր ընտրվելու իրավունքը: Այս առումով, պետք է նշեմ, որ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, այսօր Արցախում ստեղծված իրավիճակը առանձնահատուկ է»,- ասել է ԱԺ նախագահը:
Ղուլյանը հավելել է, որ առայժմ վաղ է խոսել իր օրենսդիր համակարգում մնալու կամ գործադիր կառավարման համակարգում աշխատելու մասին, սակայն, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է պատրաստ լինի գործել ցանկացած իրավիճակում:
«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածում: Նախընտրական ժամանակահատվածում մենք նույնպես հանդես ենք եկել նախընտրական ծրագրով: Եթե հնարավորություն լինի իրացնելուս այդ նախընտրական ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության»,- նշել է Ղուլյանը։
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը մարտի 31-ին կայացած ԱԺ ընտրություններում ստացել էր 4269 «կողմ» ձայն կամ 5,81%-ը, և մանդատներ ստացել խորհրդարանում։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։










































