Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանզի մարտի 31-ին կայացած համապետական քվեարկության ժամանակ՝ Արցախի նախագահի պաշտոնում առաջադրված 14 թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ 50% + 1 ձայնի շեմը։ Առաջադրված թեկնածուներից, սակայն, երկրորդ փուլում կպայքարեն միայն երկուսը՝ ամենաշատ քվեներ ստացած Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։
«Առաջին լրատվական»-ը Արցախում հարցախույց իրականացրեց՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն արցախցիները նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին։
Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների տեսակետներն այս հարցում միանշանակ չէին․ ոմանք գտնում էին, որ երկրորդ փուլի կարիք չկա, քանի որ Արայիկ Հարությունյանն անհամեմատ ավելի շատ քվեներ է հավաքել և, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակն ու հնարավոր անցանկալի զարգացումները, վիրուսի Արցախ հնարավոր ներթափանցումը, Հարությունյանը պետք է ստանձնի նախագահի պաշտոնը և այդքանով գործընթացներն ավարտվեն, իսկ ոմանք էլ համոզված էին, որ երկրորդ փուլի անհրաժեշտություն, այդուամենայնիվ, կա, քանի որ տեղի ունեցած առաջին փուլում թեկնածուների թիվն Արցախի համար աննախադեպ մեծ էր, իսկ այս անգամ արդեն քաղաքացիներն ընտրություն կկատարեն երկու թեկնածուների միջև։
«Թող երկու առաջատարներից մեկը դառնա նախագահ, մյուսն էլ նստի վարչապետ, պրծնենք գնանք, պետք չէ մարդկանց անընդհատ ռիսկի ենթարկել»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։