Լիբիայում և Սիրիայում վիրավորված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները բուժվում են Սանկտ Պետերբուրգի կլինիկայում, որը ենթադրաբար կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կլինիկայի աշխատակցին և հաստատության աշխատանքին ծանոթ երեք անձանց:
Բացի այդ, Reuters-ի թղթակիցը կլինիկայում տեսել է վարձկան զինյալներից մեկին: Կլինիկան պատկանում է «Սոգազ» ապահովագրական ընկերությանը՝ պնդում է գործակալությունը: Հիվանդանոցի գլխավոր տնօրենը Վլադիսլավ Բարանովն է, որին Reuters-ը անվանում է Պուտինի ենթադրյալ դստեր՝ Մարիա Վորոնցովայի բիզնես-գործընկերը:
Վագների նախկին մարտիկներից մեկի խոսքով՝ կլինիկայում վարձկանները բուժվում են առնվազն 2016 թվականից ի վեր: Վարձկաններից մեկի մայրը ասել է, որ բուժումն անվճար է: Ով է վճարել ծախսերը՝ նա չգիտի: Աղբյուրը հայտնել է, որ իր որդուն մատուցած ծառայություններից մեկը արժեր 10 հազար դոլար: