Պետք է վերադառնալ ՀՀ-ԵՄ բանակցությունների նախնական փուլերին և սկսել սկզբից: Այս օրերին Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ անդամ Ֆրանկ Էնգելն այս մասին ասաց` պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպիսին է տեսնում ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա ձևաչափը, երբ Հայաստանը միանում է ՌԴ-ի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը:
Նա նշեց, որ հիմա ամեն ինչ տարբեր է: Իհարկե, կցանկանար, որ Հայաստանն իրականացներ Ասոցացման համաձայնագիրն իր ողջ ծավալով, սակայն ունենք այն, ինչ ունենք, աշխարհի վերջը չէ:
«Իմ կարծիքով՝ մենք պետք է կրեատիվ գտնվենք, վճռական լինենք ՀՀ-ԵՄ հարաբերություններն այն տարրերի վրա կառուցելու հարցում, որոնք մենք ունենք, և որոնք մեզ թելադրում է եվրոպական համագործակցությունը»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով, որ իրենք ուրախ կլինեին, որ Հայաստանը պարզապես չմիանար Մաքսային միությանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն այժմ պատրաստակամ է Հայաստանի հետ ավելի համապարփակ ու ավելի լայն հարաբերություններ հաստատելու հարցում և մտադիր չեն այդ հարաբերությունները կասեցնել, դադարեցնել դրանք Հայաստանի հետ: Նա նշեց, որ Հայաստանը բավական շատ ընկերներ ունեի ԵԽ-ում, որոնք, այդ թվում և ինքը, փորձելու են ամբողջ փաթեթը վերցնել և հաշվի առնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության հաստատման համար:
Հարցին, թե ինչու Ուկրաինայի դեպքում ստորագրվեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ սա մի բան չէ, որը որոշում է Եվրախորհրդարանը, սա փուլ առ փուլ որոշում է, որի կայացման ճանապարհին բոլոր ատյանների հետ պետք է հաշվի նստել: Ըստ նրա՝ որևէ խոչընդոտող հանգամանք չկա, որ ԵՄ-ն նմանատիպ մոտեցում ունենա Հայաստանի նկատմամբ:
«Որքանով ես եմ տեղյակ, սա Հայաստանի որոշելու խնդիրն է, և Հայաստանի վերջնական որոշումը պետք է հաշվի առնել»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ում չկա որևէ մեկը, որն ասել է, որ պատրաստ չեն լինի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Պարզապես, նրա խոսքով, Հայաստանը ևս պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, քանի որ բարդ իրավիճակում ենք գտնվում, գործընթացը շարունակվում է, եթե գործընթացի շարունակականությունը և նպատակը չի ապահովվում, ապա պետք է վերադառնալ գործընթացի նախնական փուլերին և սկսել սկզբից:
«Ես պատրաստ եմ այս ամենին ընթացք տալ և հետևել գործընթացին, ինչպես Ուկրաինայի դեպքում»,- նկատեց նա:







































