Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվեց մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը ցուցմունք տվեց դատարանում: Նա նշեց, որ ամեն ինչ կտար, որ դա տեղի ունեցած չլիներ. «Լյուքսի մահվան և Հրաչոյի վիրավորվելու մեջ իմ մեղավորությունն է եղել: Լավ հասկանում եմ, որ այդ ամենը իմ գործողությունների հետևանքով է առաջացել: Հրաչյայի հետ մոտ ընկերներ էինք, զորամասում ընտանիքի պես էին: Մենք կարաուլ էինք նշանակված դեպքի օրը, ես ժամապահ էի նշանակված, ես ժամ հարցրի՝ չորս հոգի էին նստած: Միշա Ջանազյանը ժամն ասաց: Հետո Լյուքսը ծիծաղելով և հայհոյելով պատասխանեց, որ ժամ չկա, ես ասացի՝ թարգի, հավես չունեմ: Լյուքսը նորից շարունակեց հայհոյել»,- պատմեց Դավիթը, ապա շարունակեց նկարագրել դեպքի մանրամասներ:
Նա նշեց, որ ինքը Լյուքսի հայհոյանքներին հայհոյանքով է պատասխանել, և դա լուրջ չի եղել, այլ ընդամենը կատակ: Հերթական հայհոյանքից հետո Դավիթը աջ ուսից զենքը ձախ ուս է տեղափոխել և ապա գետնից հողակտոր վերցրել ու նետել Լյուքսի ուղղությամբ: Լյուքսը դարձյալ հայհոյել է: Ի պատասխան՝ Դավիթը լիցքավորել է ինքնաձիգը, բայց ինչպես ինքն է ասում՝ վախեցնելու նպատակով: Լյուքսն ասել է՝ չկրակողի ու հայհոյել է, իսկ Դավիթը, իր իսկ խոսքով, չի հասկացել, թե ինչպես է կրակոցը հնչել, ձգանը պատահմամբ է քաշել:
Դավիթը պատմելուց հետո հուզվեց, սրբեց աչքերը: Ամբաստանյալի պաշտպանի խնդրանքով՝ դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:
«Վրեժի ցասումից բացի՝ մայրական ոչ մի զգացմունք չկա, ճակատի արյունը հիշում է, վատ է տանում, բայց ես որ տասնմեկ ամիս տառապում եմ… թողեք խոսեմ, ուզում եք տրաքվե՞մ»,-ասաց Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը:
Ընդմիջումից հետո Դավիթ Խաչատրյանը շարունակեց, որ կատարվածից հետո սկսել է գոռալ, լաց լինել. «Հետո մեկը եկավ, գրկեց ինձ, տարավ, ասաց, որ զենքս գցեմ, ես թողեցի զենքս, եկան ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ցավում եմ էս ամեն ինչի համար, մտնում բոլորի դրության մեջ, էս ամեն ինչը ինձ ահավոր ցավ է պատճառում: Այդ ամենը եղել է կատակ, ես չեմ էլ պատկերացրել, որ այդպես կլինի»,-ասաց նա:
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հարցրեց՝ ամենամտերիմը ո՞ւմ հետ է եղել: Դավիթը պատասխանեց՝ Հրաչյա Սարգսյանի հետ է եղել, թշնամական փոխհարաբերությություններ, վեճ երբեք չի եղել ոչ մեկի հետ. «Այնքան մոտ ենք եղել, որ հայհոյանքով կատակ էինք անում: Յուրաքանչյուրը գիտի, որ հայհոյանք լինում է բանակում, բայց ոչ ոք չի խոսում այդ մասին»:
Նա նշեց, որ մինչև կրակոցը՝ խոսակցությունը տևել է հինգ րոպե, բայց սկզբից մինչև վերջ ամենը եղել է կատակ, «ոչ մեկս ոչ մեկից չի նեղացել»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ծառայությանը հանձնելուն մնացել էր հինգ րոպե:
Նա ասաց, որ նշան չի բռնել կրակելիս: Ձգանը դիտավորյալ չի սեղմել: «Ես քննիչին նախաքննական մարմնում ուզում էի ցույց տալ, որ դիտավորյալ չեմ քաշել ձգանը, բայց ուշադրություն չեն դարձրել, ես ուզում էի ցույց տալ, բայց քննիչը թեման փոխեց»,- ասաց ամբաստանյալը::
Նա նշեց, որ Լյուքսի կողմից հնչեցված հայհոյանքները ծնողներին և մերձավոր հարազատներին չեն վերաբերել: Հնչել են միայն անձնական բնույթի հայհոյանքներ:
Նա նշեց, որ ամբողջ կատակի ընթացքում չի սրտնեղել:
Նրա խոսքով՝ կրակելու դրդապատճառ չեն եղել Լյուքսի հայհոյանքները: «Կրակոցը եղել է պատահական, ես չեմ էլ հասկացել՝ ոնց է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ է փորձել կատակել:
Իր կողմից հնչեցրած հայհոյանքներից հետո Հրաչյան ասել է՝ իջեցրու ինքնաձիգը, խաղալիք չէ:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, հուզված ասաց. «Եթե դիտավորյալ չես կատարել, փափուշտն ինչպե՞ս հայտնվեց»: «Լիցքավորել եմ, որ վախեցնեմ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը: Ի պատասխան՝ Լուիզա Ստեփանյանը հավելեց. «Մարդկային կյանքը կատա՞կ է, ընտանիքիս թաղել ես ու համարում ես կատա՞կ»:
Դատական նիստը շարունակվում է:








































