Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, – ասել է նախագահը: – Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:
Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը:
Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»:










































