«168 ժամ» թերթը զրուցել է «Եվրոպական քաղաքական կենտրոնի» վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի հետ։
-«Հայ քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասաց, թե Խորհրդային Միության փլուզումից հետո, ի դեմս Ռուսաստանի, վերածնվում է չարիքի կայսրությունը։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։
-Ճիշտն ասած ես կարծում եմ, որ Պուտինը միանգամայն կանխատեսելի է։ Բոլորին հայտնի են այն դրակոնային մեթոդները, որոնք նա օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։ Նա մնացել է Սառը պատերազմի հոգեբանության տակ, նա կարծես չի հասկանում, որ իր այդ մեթոդները մեծագույն հակակրանք և ատելություն են առաջացնում իր հանդեպ ինչպես դրսում, այնպես էլ՝ Ռուսաստանի ներսում։ Պուտինի ռազմավարությունն Ուկրաինայի նկատմամբ փաստորեն օգնեց Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը, և կարելի է ասել, որ Ռուսաստանը չի կարող կանգնեցնել Ուկրաինայի ընթացքն այս ուղղությամբ։ Այսպիսի քաղաքականությամբ նա մեկուսացնում է Ռուսաստանին։ Թեպետ Պուտինը ռացիոնալ մարդ չէ, նա համոզված է, որ ճիշտ խաղադրույք է կատարել և արժի մարտահրավեր նետել Արևմուտքին, քանի որ, իր համոզմամբ, նա կշռադատել և հաշվարկել է, թե Արևմուտքը որքան հեռու կարող է գնալ։
–Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այս հակամարտության լուծումը՝ հատկապես հաշվի առնելով Արևմուտքի հսկայական ճնշումը Ռուսաստանի վրա։
-Առավել հավանական է, որ խնդիրը լուծվի բանակցություններով, դիվանագիտությամբ, քանի որ կողմերից որևէ մեկը հակամարտություն սկսելու ցանկություն չունի։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները բավական խիստ դիրքորոշում է որդեգրել և բացահայտորեն հայտարարել է, որ չի հանդուրժի ռուսական ագրեսիան, ինչը կարծես թե արդեն որոշ հաջողություններ է գրանցել։Ի վերջո, եթե աշխարհի միակ գերտերությունը չի կարող Պուտինի դեմն առնել, էլ ո՞վ կարող է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։









































