Եթե Մարտի 1-ին և մյուս անպատժելի արարքներին իշխանությունները ընթացք չտան, ապա այդ հարցերը կլուծեն Մարտի 1-ի հրապարակում, և հաջորդ անգամ հրապարակում կանգնած քաղաքացին կունենա արդյունքներ, ոչ թե՝ հետևանքներ:
Փետրվարի 27-ին ԱԺ-ում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 2008-ին մարտի 1-ի դեպքերի հետևանքով ՀՀ 10 քաղաքացի զոհվեց, ապա անուն առ անուն հիշատակեց նրանց և հիշեցրեց՝ նրանք գնդակահարվեցին մայրաքաղաքի կենտրոնում։
«Ովքեր են մարտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները: Սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել։
Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչայանը, չբարեհաճեցին անգամ սգո օր հայտարարել 2008-ի մարտյան օրերին, իսկ նրանց ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված 8 ցուցարարները հանցագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու՝ հենց Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրամանով, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարելի է ՀՀ 10 քաղաքացիների սպանությունները քաղաքական նման հնչեղություն ունեցող համատեքստում սգի օր հայտարարելու առիթ չհամարել»,- ասաց նա՝ հավելելով, որ դա կարող էր անել միայն նա, ով ցավ չի զգում կատարվածի համար, իսկ ցավ չզգալ կարող է միայն մարդասպանը։
Փաշինյանը նշեց՝ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր կապ ունեն մարտիմեկյան սպանություների կազմակերպման և իրագործման հետ, հենց այդ պատճառով էլ ինքը դուրս եկավ դահլիճից՝ չհարգելով իր ՀՀԿ-ական գործընկերոջ առաջարկը՝ հարգել 10 զոհերի հիշատակը։ 2008-ի մարտի 1-ը, Փաշինյանի գնահատմամբ, ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որն իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ, իսկ ժողովուրդը, քաղաքացին ընդվզեց Հայաստանում հաստատված ամենաթողության, լկտիության, թալանի դեմ։
ՀԱԿ պատգամավորը շեշտեց՝ այն, ինչ տեղի էր ունենում 2008 թ. մարտի 1-ից առաջ՝ քաղաքացու ընդվզման պատճառ դառնալով, տեղի է ունեցել նաև 2008 թ. մարտի 1-ից հետո և շարունակվում է մինչև օրս, ինչը նշանակում է, որ քաղաքացիական պոռթկումի նոր առիթ կա Հայաստանում։
Փաշինյանը հիշեցրեց աղմկահարույց մի շարք միջադեպեր, որոնք իրավական պատիժ չեն ստացել՝ սկսած դեռ մարտի 1-ից առաջ՝ «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնազորի կողմից ծեծելով սպանված ջավախահայ Պողոս Պողոսյանից, որից հետո «Կուկու» անվանվող թիկնապահն ընդամենը ստացել էր պայմանական դատավճիռ, ապա հիշեց «Օդնակլասնիկի» սրճարանում Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավորի կողմից ծեծելով սպանված ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբայանին, և հիշեցրեց՝ պատգամավորը մինչ օրս գտնվում է ազատության մեջ, իսկ «ձևական դատապարտվեցին» նրա երկու թիկնապահները: Ապա անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբոր տղայի՝ Երևանի կենտրոնում կրակոցներին, որի դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարողանում, հիշեց Քոչարյանի՝ կենտրոնի բնակիչներին իրենց տներից դուրս շպտրելը և այլն:
«Ոմանց ակնհայտորեն շարունակվում է թվալ, որ Հայաստանում չեն գտնվի մարդիկ, ովքեր կբարձրացնեն լկտիության, ամենաթողության, ցինիզմի նետած ձեռնոցը։ Պարոնայք իշխանավորներ, դուք սխալվում եք ձեր հաշվարկներում, Հայաստանի հանրությունը գուցե համբերատար, բայց անինքնասեր չէ։ Չարժե անվերջ զբաղվել հանրության համբերությունը չափելով: Մարտի 1-ի դեպքերի չկրկնվելու համար անհրաժեշտ է հետևություններ անել, և ուրեմն Մարտի 1-ի սպանություները պետք է բացահատվեն, իսկ սպանությունների կազամերպիչները պետք է ենթարկվեն օրենսդրորեն սահմանված պատասխանատվության։
Սա մի հարց է, որ չի կարելի դնել քննարկման և սակարկության, ու Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ մենք հանգիստ աշխատանքային պայմաններում վերադառնանք այս օրակարգին»,- ասաց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Մարտի 1-ից դասեր քաղելու համար: Հատկանշական մի շարք օրինակներ կան՝ ՀՊՏՀ-ի և Ագրարային համալսարանի ուսանողական «բանդայի» ներկայացուցիչները պետք է պատժվեն, ռեկտորը պաշտոնանկ արվի, Հրայր Թովմասյանը ներողություն խնդրի ԱԺ պատգամավորների մեկ երրորդի հասցեին թույլ տված արտահայտության համար, պետք է ՀՀ քաղաքացիներից տարեկան 9 մլրդ դրամ կեղեքող արագաչափերն ու տեսախցիկները հանվեն։ «Կկատարի՞ այս և մյուս քայլերն իշխանությունը՝ կհամարենք, որ սկսում է դասեր քաղել 2008-ի մարտի 1-ից, եթե ոչ, ապա այդ հարցերը կլուծեն Մարտի 1-ի հրապարակում»,- ասաց նա:








































