Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում: Այդ մասին հայտարարել Է «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Imedi հեռուստաալիքի եթերում:
Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի աշնանը՝ նախագահական ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո: Դատախազության տվյալներով՝ Սահակաշվիլին գտնվում է ներպետական հետախուզման մեջ: «Նա (Սահակաշվիլին) պարզապես վախկոտ մարդ է: Եթե նա գա (Վրաստան), պետք է բանտ նստի»,- ասել է Իվանիշվիլին:
Վրաստանի երրորդ նախագահը քանիցս խոստացել է հայրենիք վերադառնալ և իշխանափոխության հասնել երկրում: Նա իր դեմ հարուցված քրեական գործերը մոգոնված է համարում: