«Չբավարարվել ծաղիկներ, նվերներ ստանալով և բաժակաճառեր լսելով, այլ պայքարել իրավունքների համար, պահանջել ինքնաիրացման հնարավորություն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում կանանց ուղղված այս կոչով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ում կյանքում առաջին անգամ են համատեղվում մանդատը և Մարտի 8-ը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հավելեց, որ կանանց դերը քաղաքական պրոցեսներում ավելի ակտիվ կլինի. «Իմ կարծիքով՝ կանայք կարող են արդյունավետ աշխատանք կատարել և նպաստել քաղաքական դաշտի առողջացմանը»: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ում այս խորհրդանշական օրը ստորագրվել է ԱԺ-ի և ՀԿ-ների միջև համագործակցության հուշագիր. «Սկիզբ դրվեց նոր փոխգործակցության քաղհասարակության և ԱԺ հատկապես կին պատգամավորների միջև»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, ով նաև ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր է եղել, նշեց. «Մանդատը պատասխանատվության էլ ավելի մեծ զգացում առաջացրեց: Կանանց միջազգային օրը, նաև մանդատով պայմանավորված, մասնակից ես լինում մի շարք միջոցառումների, ներկայացնում ես կանանց վերաբերող խնդիրներ և փորձում լուծումներ գտնել»:
Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև Կառավարության կառուցվածքի փոփոխություններին, օպտիմալացմանը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները:
ԱԺ-ն, ըստ կին պատգամավորների, գործնական հարթակ է, և կին պատգամավորները նոր քաղաքական մշակույթ են բերում, որն ավելի կառուցողական է:
Մանրամասն՝ տեսանյութում:










































