ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանում չկա ընդդիմություն և իշխող մեծամասնությունից բացի, մյուս երկու ուժերը, խոշոր հաշվով, որևէ լուրջ քննադատություն չեն հնչեցրել իշխանության հասցեին: ՀՀԿ խոսնակի հայտարարությունը տարածված տրենդ է, ընդ որում՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն ժամանակի ընթացքում ավելի է ուժգնանալու: Դա կազմում է նոր իշխանության, իսկ ավելի շուտ՝ նոր իրավիճակի դեմ տեղեկատվա-քարոզչական ուժգին արշավի առանցքային գծերից մեկը: Այդ արշավի անթաքույց նպատակը հանրության շրջանում հիասթափության, հուսահատության, ապատիայի, սեփական ձեռքով կամ ոտքով իրականացրած հեղափոխության և փոփոխված իրավիճակի հանդեպ անվստահության առաջացումն է: Մի բան, որի վրա նախկին իշխող համակարգը կառուցել էր իր իշխանությունը և որը հաղթահարելով՝ հնարավոր եղավ առանց որևէ բռնության ու արյունահեղության փոխել իրավիճակը, հեռացնել այդ համակարգն իշխանությունից:
Համակարգն իշխանությունից հեռացած է, սակայն իրականությունից՝ դեռ ոչ: Այստեղ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ մի շարք հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս նույն դինամիկայով ու արդյունավետությամբ հեռացնել նախկին համակարգը հասարակական-քաղաքական, հանրային կյանքից ընդհանրապես: Արագության համար կպահանջվեն ռեպրեսիվ միջոցներ, ինչը, սակայն, հազիվ թե ունենա երկարաժամկետ դրական էֆեկտ նոր որակի համակարգեր և ինստիտուցիոնալ նոր իրավիճակ կառուցելու տեսանկյունից, որքան էլ մեծ է գայթակղությունը նախկին համակարգի հարցը նաև այդ տիրույթում արագ լուծելու համար: Բոլոր դեպքերում, ռեպրեսիվ գործիքակազմը կարող է խոսել ընդհանուր թուլության, թուլամտության մասին, ինչը ինքնին կնշանակի ահռելի խնդիր, որովհետև, ի վերջո, ռեպրեսիայով հնարավոր է հեռացնել նախկին համակարգը, բայց նորը կառուցել հնարավոր չէ: Մինչդեռ Հայաստանին պետք է նախկինը հանրային կյանքից չեզոքացնել արդեն առանց «ճանապարհ փակելու», ստեղծելով նոր ճանապարհներ, որոնցում այլևս հին համակարգը չի կարող լինել մրցունակ: Քանի դեռ նոր ճանապարհները ստեղծված չեն՝ իսկ դրա համար իհարկե պետք է ժամանակ, հին համակարգը փորձում է օգտագործել իր ժամանակ ստեղծած ճանապարհները: Եվ այստեղ շեշտը դնում է ապատիկ, հուսահատ հանրային մթնոլորտ, հիասթափություն ձևավորելու վրա: Դա կբերի հանրային էներգիայի, ներուժի կաթվածահարման, ինչն էլ կբացի դաշտ արդեն հին խմբերի վերակենդանացման համար: Իսկ նրանք գործունյա են, և իրավիճակը շատ արագ կվերցնեն իրենց ձեռքը:
Ահա, այդ ռազմավարության կամ մարտավարության առանցքային բաղադրիչներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա ընդդիմություն, խորհրդարանի մյուս երկու ուժերն այդպիսին չեն և չեն կարող լինել: Դա տարածում են նախկին համակարգի բոլոր մեծ ու փոքր սեգմենտները բավականին հստակ ծրագրված քաղաքական ծուղակը պատրաստելու համար: Ո՞րն է այդ ծուղակը: Խորհրդարանի ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այդ, այսպես ասած, մեղադրանքին կամ հակաքարոզչությանն ի պատասխան կարող են մտածել հակառակը դրսևորելու մասին, ընկնելով իրենց ընդդիմադիր լինելն ապացուցելու հետևից: Մի բան, ինչը տեղի է ունեցել Հայաստանում տարիներ շարունակ և գործնականում ոչնչացրել ընդդիմություն, քաղաքական դաշտ հասկացությունները: Տարիներ շարունակ ընդդիմություններին ստիպել են ապացուցել, որ իրենք ընդդիմություն են, զբաղվել դրանով: Այդպիսով իշխանությունը կարողացել է հմտորեն կառավարել ընդդիմություններին, անգամ, եթե որևէ կապ չի ունեցել նրանց հետո: Ընդդիմություններն այդպիսով սկսել են գործել ինքնաոչնչացման ռեժիմում: Ներկայումս գործի է դրվում նույն մեխանիզմը՝ բերել խորհրդարանում հայտնված երկու ուժերին ինքնաոչնչացման ռեժիմ, երբ նրանք ոչ թե կդրսևորվեն իբրև քաղաքական առաջարկի կրող ուժեր, որոնք հանրությանը ներկայանում են ավելի արդյունավետ և համոզիչ քաղաքական պրոդուկտով, այլ ստիպել, որ հանրությանն ապացուցեն իրենց ընդդիմադիր լինելը: Դա նշանակելու է նոր իրավիճակում գործել հին իրողությունների տրամաբանության մեջ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ խորհրդարան չանցած ՀՀԿ-ն կարողանում է խորհրդարան անցած մյուս ուժերին դե ֆակտո դուրս բերել խորհրդարանից և տանել իր տրամաբանության դաշտ, որտեղ ՀՀԿ-ն կամ նախկին համակարգի ցանկացած ուժ ունի անհամեմատելի փորձառություն, առավելություն և ռեսուրսներ:











































