Ադրբեջանական Milaz Info կայքի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի տարբեր կառույցների ուսումնական ու փորձագիտական խմբեր հուլիսին կայցելեն Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի խմբերի ադրբեջանական այցը տեղի կունենա հուլիսի 5-ին և 6-ին։ Այցի ընթացքում տեղի կունենան քննարկումներ կրթական ոլորտում Ադրբեջանի զինված ուժերի Ռազմական ակադեմիային փորձագիտական օգնություն ցուցաբերելու շարունակության հարցի շուրջ։
Հուլիսի 10-ին և 12-ին էլ Բաքու կժամանի ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի Նեապոլյան հրամանատարության մոբիլ ուսումնական խումբը։ ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության շրջանակներում հուլիսի 20-23-ը Բաքվում կկայանա փորձագետների հանդիպումը, որին կմասնակցեն Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները։